«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում

   2016 թ. մայիսի 31-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» թեմայով կլոր սեղան-քննարկում և համանուն հետազոտության արդյունքների ներկայացում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ-ում  ԵՄ արտակարգ և լիազոր դեսպանը, փաստաբաններ, գործարարներ և քաղաքացիական հասարակության ներկայա­ցուցիչներ:

   Ուսումնասիրությունը իրականացվել է «Արնի Քնսալթ» իրավաբանական գրասենյակի կողմից «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ պատվերով և «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ։ Ուսումնասիրվել են հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկան և գործունեության օրենսդրական հիմքերը։ Վերլուծվել է հանձնաժողովի գործունեության համապատաս­խանությունը ժողովրդավարության այնպիսի հիմնարար սկզբունքներին, ինչպիսին են համաչափությունը, իրավական որոշակիությունը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և հանրության տեղեկացված լինելու իրավունքը։

   Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հանձնաժողովի գործունեության հիմնական թիրախը տնտեսվարող սուբյեկտներն են, մինչդեռ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ որոշումներ հանձնաժողովը չի կայացրել։ Տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ քննություն իրականացնելիս Հանձնաժողովը ի սկզբանե գտնվում է դոմինանտ կարգավիճակում և դա պայմանավորված է ոչ միայն օրենքների թերությամբ, այլ Հանձնաժողովի կողմից վարչարարության անհրաժեշտ փուլերի, վարչարարության հիմնարար սկզբունքների անտեսմամբ, ինչպես նաև դատական վերահսկողության անարդյունավետությամբ։ 

   Հանձնաժողովը 2013 թվականից իր վեր չի հրապարակում իր որոշումները՝ պատճառաբանելով, որ բոլոր որոշումներում առկա է առևտրային գաղտնիք` սահմանափակելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը:

   Հետազոտության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ http://joom.ag/3R5Q հղումով:

Patver software_of_the_year Support center phone number